Օրերս տեղի ունեցավ «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսութուն: Միաժամանակ մեկնարկեց «Յանուս» թատերական մրցանակաբաշխությունը: «Յանուսի» հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս- Մուշեղյանը մշակութային կյանքում ունեցած վաստակի և թատրոնի հետ բարեկամության համար շնորհակալագրեր հանձնեց «Արտ» տեղեկատու հանդեսին, «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպությանը, «Իրատես» թերթին, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին, վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանին և այլոց:
Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Միքայել Արևշատյանը, լավագույն դերասանուհի` Աննա Միսակյանը:
Մրցանակաբաշխությունը միտում ունի ամենամյա դառնալու:
Մինչ հանդիսությունը Մխիթար Մոս-Մուշեղյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ասելու է մի բան, որ կտխրեցնի բոլոր թատրոններին: Հետաքրքրվեցի` ինչի՞ մասին էր խոսքը:
«Մենք հիմնել ենք գեղխորհուրդ, որի անդամները նշանավոր մարդիկ են, և որոնց խոսքն այլևս թատրոններում չի անցնում` ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյան, թատերագետ Լևոն Մութաֆյան, դրամատուրգ Գևորգ Սարգսյան: Թատրոնները վատ կզգան, որովհետև չեն ուզում լսել գեղխորհրդի անուն, իսկ առանց գեղխորհրդի ներկայացում բեմադրելը նշանակում է ինքնագործունեությամբ զբաղվել, և դա բոլորին դուր է գալիս»:
«Յանուսի» առաջիկա ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի հուլիսի 4-ին, ուսանողական թատրոնի բեմում: Մխիթար Մոս-Մուշեղյանը նշեց, որ հանդիսությանը ներկա էին թատերական աշխարհի ավագ սերնդի ներկայացուցիչներ. «Լավ է, որ ավագները ուզում են տեսնել, լսել, հասկանալ, մի խորհուրդ տալ: Այսինքն, նրանց համար մեկ չէ, թե իրենցից հետո ինչ է լինելու»: